AM
24 September 2010 - 09:23 AMT

ArmTech 2010 կոնգրեսը տեղի կունենա Փարիզում

Տեխնոլոգիաների ArmTech 2011 տարածաշրջանային կոնգրեսը տեղի կունենա 2010 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Synopsys Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Ըստ նրա, միջոցառմանը կմասնակցեն մի քանի տասնյակ ընկերություններ, այդ թվում եվրոպական, ինչպես նաև Փարիզի քաղաքապետն ու Հայաստանի կառավարական պատվիրակությունը:

«Քանի որ այս անգամ դա տարածաշրջանային կոնգրես է լինելու, ապա ակնկալվում է, որ այն մասշտաբով ավելի փոքր կլինի, քան Հայաստանում և Սիլիկոնային հովտում տեղի ունեցած ArmTech կոնգրեսները: Մենք մտադիր ենք ArmTech 2011 կոնգրեսը կազմակերպել Հայաստանում»,-ասել է Ռիչ Գոլդմանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ քննարկվում է, թե ինչպես կարող է կառավարությունն աջակցել Փարիզում կայանալիք ArmTech-ին: Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 30-ին «DigiTec Expo» ցուցահանդեսի շրջանակներում Երևանում տեղի կունենա ArmTech մեկօրյա սեմինարը: