Մի քանի խորհրդարանական խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր երեկ հանդես են եկել դիմումով, որտեղ դատապարտվում է, այսպես կոչված, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» գործունեությունը: Փաստաթուղթը ստորագրել են այն պատգամավորները, որոնք ներկայացնում են ՀՀԴ, Ազգային -ժողովրդավարական միությունը, «Սահմանադրական իրավունք» միությունը, «Օրինաց երկիր» հանրապետական եւ կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաեւ «Ժողովրդական պատգամավոր» եւ «Գյուղարդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբերը: Դիմումում ասվում է, որ վերջին ժամանակներս ձեռնարկվող ստվերային փորձերը` հայ-թուրքական հարաբերությունները դարձնել քննարկման առարկա, կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարների վրա: Դիմումի հեղինակները գիտակցաբար են մոտենում երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ստեղծման անհրաժեշտությանը: Միեւնույն ժամանակ, նրանք գտնում են, որ ժխտելով 1915 թվականի հայոց ցեղասպանության փաստը, շարունակելով Հայաստանի շրջափակումը, ինչպես նաեւ ցուցաբերելով կողմնակալ մոտեցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Անկարան խոչընդոտում է միջազգային հանրության կողմից ընդունված հարաբերությունների կազմավորմանը: «Այս ամենից ելնելով, մենք գտնում ենք, որ կարգավորման համար արհեստական նախաձեռնությունները, պատմական ճշմարտության թաքցնելու փորձերը չեն օժանդակի կանոնավոր հարաբերությունների հաստատմանը: Նման գործողությունները ունեն մի նպատակ` հանել հայոց ցեղասպանության հարցը օրակարգից եւ ապահովել Թուրքիայի ներգրավվմանը ղարաբաղյան կարգավորման գործընթացին»,- ասվում է փաստաթղթում: Դիմումի հեղինակները վստահ են, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների խնդրով իրավասու են զբաղվել միայն օրինական իշխանությունների կողմից ընտրված` ողջ պատասխանատվությունը կրող ներկայացուցիչները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: