«Հայազն» երիտասարդների միաբանությունը կոչով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին, արդարադատության նախարարություն նախարար Գևորգ Դանիելյանին և Հայաստանի բանակի հետ այս կամ այն կերպ առնչվող բոլոր սուբյեկտներին: Դիմումով միաբանությունը վերոնշյալ պաշտոնյաներից պահանջում է լիարժեքորեն կատարել հայոց բանակի բարելավման մասով իրենց պարտականությունները, կոչ է անում այդ գերատեսչությունների ղեկավարներին ընդունել բանակ զորակոչվողների կամ արդեն ծառայողների հանդեպ «իրենց մասով ունեցած թերացումները, գիտակցել սեփական մեղքի բաժինը և կիսել Պաշտպանական գերատեսչության հետ բանակը վերահսկելու և ցանկացած անհաջողության դիմաց պատասխանատվությունը կրելու գործը»։
«Մենք ընդունում ենք, որ բանակում տեղի ունեցող անօրինականությունների համար պատասխանատու է նախ և առաջ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի, սակայն մինչզորակոչային տարիքի երիտասարդների հետ աշխատանքի մասով ուղղակի պատասխանատվություն են կրում վերոնշյալ բոլոր սուբյեկտները, ինչի ոչ լիարժեք կատարումը, մեր խորին համոզմամբ, պատճառ է դառնում բանակ զորակոչված երիտասարդների միջև ոչ կանոնադրական, ոչ հայեցի հարաբերությունների հաստատմանը և բանակում արտակարգ պատահարներին»,- նշվում է դիմումի մեջ, հաղորդում է «Հայազն» երիտասարդների միաբանության մամլո ծառայությունը: