AM
28 Սեպտեմբեր 2010 - 07:08 AMT

Վահան Դիլանյանը խնդրել է Գարեգին Երկրորդին չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում իր միջնորդությունը

Սեպտեմբերի 28-ին Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տնօրեն Վահան Դիլանյանը բաց նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին` խնդրելով չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում նրա միջնորդությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Խոր հարգանք տածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ձեր հովվապետական առաքելության հանդեպ, ընդունելով քրիստոնեության արժեքային համակարգը` խաղաղություն ու հանդուրժողականություն սերմանելու և ներողամիտ լինելու բարձրագույն արժեքներով, ճանաչելով միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, ինչպես նաև ողջունելով Մայր Աթոռի պարզաբանումը Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին վերադարձնելու կապակցությամբ, այդուամենայնիվ, դիմում ենք Ձեզ` խնդրանքով` չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը:

Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է նման անմարդկային հանցագործությունները. դիցուք` Մ. Իբրահիմովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հետմահու ազգային հերոսի կոչում շնորհելու փաստը, Ադրբեջանը դին վերադարձնելու խնդրանքով պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտին, այնինչ նման խնդրանք չի եղել ո’չ Ստեփանակերտին, ո’չ Երևանին», հաղորդում է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի մամլո ծառայությունը: