AM
24 July 2001 - 17:27 AMT

«ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԵՂ» ՆԱԽԱԳԻԾԸ ՄՈՏ Է ՁԱԽՈՂՄԱՆ

Երեկ պաշտոնապես դադարեցվել են «Երկնագույն հեղեղ» գազամուղի շինարարական աշխատանքները, որը պետք է ապահովեր ռուսական գազի մատակարարումը Թուրքիա Սեւ ծովի հատակով: Շինարարությունը դադարեցվել է, քանի որ այն կատարվում էր առանց պետական էկոլոգիական փորձարկումների եւ բնութապահպան օրենսդրության խախտման պատճառով: Փորձագետները նախապես կանխագուշակում էին, որ էկոլոգիական գործոնն անպայման կօգտագործվի Սեւ ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա անցկացվող գազամուղի բազմաթիվ հակառակորդների կողմից: Ինչպես հայտնի է, ցամաքային երթուղին Հայաստանի եւ Վրաստանիտարածքներով ոչ միայն էկոլոգիապես անվտանգ կլիներ, այլեւ ձեռնտու` տնտեսապես: Սակայն ռուսական «Գազարդը» զիջեց թուրքական կողմին, որի պնդմամբ անթույլատրելի է գազի տրանզիտը Հայաստանի տարածքով:Ուշագրավ է, որ այժմ արդեն եւ թուրք փորձագետներն են գիտակցում այդ նախագծի անհեռանկարությունը: Վերջերս, նաֆթագազային արդյունաբերության փորձագետ Ֆերրուխ Դեմիրմենը «Turkish Daily News»-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ իր արժեքային բնութագրով եւ էկոլոգիական վտանգների աստիճանով «Երկնագույն հեղեղ» նախագիծը զիջում է ցամաքով գազի մատակարարման նախագծերին: Ըստ նրա` գազամուղի շահագործումը, որն անց է կացված Սեւ ծովի ռեկորդային խորություններում, հղի է աղետալի հետեւանքներով:
Հիշեցնենք, որ հատկապես «Երկնագույն հեղեղ» նախագծի վրա ուշադրության կենտրոնացման ձգտումը ստիպեց «Գազարդ»-ի ղեկավարությանը հրաժարվել Իրան-Հայաստան գազամուղի շինարարության կոնսորցիումին մասնակցելուց:Փորձագետներն առայժմ դժվարանում են ասել`արդյոք նախագծի իրականացման ընթացքում առաջացած լուրջ խնդիրները կանդրադառնան «Գազարդի» վերաբերմունքին կոնսորցիումին միանալու նպատակահարմարությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: