AM
2 June 2003 - 14:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 12-ին: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հաղորդել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողվի նախագահ Արտակ Սահրադյանը: Նրա խոսքերով, ԿԸՀ-ն համապատասխան որոշումը կկայացնի մոտ ժամանակներս: Իսկ մանդատների հանձնումը պատգամավորներին տեղի կունենա հունիսի 10-11: ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն, նորընտիր Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը տեղի է ունենում ընտրություններին հաջորդող երկրորդ հինգշաբթի: Նստաշրջանին պետք է մասնակցեն պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս քան երկու երրորդը: Մինչեւ ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունը նիստերը վարելու է տարիքով ամենաավագ պատգամավորը: Հիշեցնենք, որ համամասնական կարգով խորհրդարանում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (23 պատգամավոր), «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը (14 պատգամավոր), «Օրինաց երկիր»-ը (12), Հայ հեղափոխական դաշնակցությունը (11), «Ազգային միաբանություն»-ը (9), Միավորված աշխատանքային կուսակցությունը (6): Իսկ մեծամասնական կարգով խորհրդարան ընտրվող 56 պատգամավորներից գրանցվել են 53-ը: Հայաստանի երեք` 12-րդ, 29-րդ եւ 41-րդ ընտրատարածքներում ընտրությունները ճանաչվել են անվավեր, որտեղ հունիսի 14-15 կկայանան կրկնական ընտրություններ: