Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները պետք է քննարկվեն ինչպես Գենուեում` «մեծ ությակի» հանդիպման ժամանակ, այնպես էլ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 1-3-ին: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` հինգշաբթի օրը ընդունելով Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովին: Ինչպես հայտնում է CNA գործակալությունը, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռյաբովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկերոջն առանձին կտեղեկացնի Գենուեի գագաթնաժողովի արդյունքների մասին, եւ մասնավորապես` ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ հանդիպման մասին: Ռուս դիվանագետի խոսքերով` Ալիեւը մտադիր է Սոչիում հանդիպել Պուտինի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինքը` ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, նվիրված է գործակցության հեռանկարների զարգացմանը, ինչպես նաեւ ազգային անվտանգության հարցերին: Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան 1997 թվականից հանդիսանում են ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղին վերաբերվող Մինսկի խմբի համանախագահներ: Այս պետությունների ղեկավարների նախաձեռնությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններ են վարում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: