ՀՀ պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի համեմատ 2010թ. ավարտին կկազմի 42-44 տոկոս, որը չի գերազանցում ընդունելի մակարդակի միջազգային նորմերը, հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Մենք չենք հատել այն սահմանագիծը, որը թույլատրելի է համարվում»,-ասել է նա:
Տիգրան Դավթյանը հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հուլիսին արդեն վերանայել է Հայաստանին տրամադրվող օգնության պայմանները՝ երկարացնելով մարման ժամկետներն ու նվազեցնելով տոկոսադրույքները: «Վարկերի վերաֆինանսավորման մասին բանակցություններ են ընթանում նաև այլ կազմակերպությունների հետ»,-ասել է նա:
Ավելին, ըստ նրա, պետպարտքի սպասարկման սցենարը արտացոլված է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում և ոչ մի մտավախություն չի ներշնչում: Սակայն նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը պետք է առավել զգուշավոր մոտենա լրացուցիչ միջոցների ներգրավմանը: