AM
8 Հոկտեմբեր 2010 - 06:44 AMT

Ադրբեջանի ԱԳՆ-ն ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը, բնորոշ է ահաբեկիչներին

Այսօր էլ Ադրբեջանն իրեն անպատժելի է զգում եւ հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել եւ ծրագրել նոր ոճրագործություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը բնորոշ է ահաբեկիչներին: Պարոն Պոլուխովի Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը եւ անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռեւս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի եւ Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին եւ հերոսացվեցին ու մեծարվեցին»,-ասել է Բալայանը:

«Այդ անպատժելիությունից ոգեւորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու` էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: