Նոյեմբերի 15-16-ին Փարիզում տեղի կունենա Սոցինտերնի խորհրդի հավաքը: Բաքվում կայացած Սոցինտերնի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի կոմիտեի նիստում առաջարկվել է, որ մինչ այդ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու ՀՅԴ-ն իրենց առաջարկները ներկայացնեն ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, կոմիտեի համանախագահ Մարիո Նալբանդյանը: Ըստ նրա, եթե կողմերի առաջարկները համաձայնեցվեն, ապա Սոցինտերնը փաստաթուղթ կընդունի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Մենք մեկ ամիս ունենք մեր առաջարկները նախապատրաստելու համար»,-ասել է նա:
Իր հերթին ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել է, որ լավագույն դեպքում փաստաթուղթը կարող է վերաբերել երկու կուսակցությունների դիրքորոշումների մերձեցմանը, ինչն ընդունելի կլինի նաև Սոցինտերնի համար: «Մենք կներկայացնենք մեր առաջարկները, իսկ թե ինչպիսին կլինի արդյունքը, ժամանակը ցույց կտա»,-ասել է Մանոյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը, հավանաբար, չի հասցնի նախապատրաստել իր առաջարկները, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններն են: Նա հայտնել է նաև, որ կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա 2011թ. հունվարի ավարտին Ալմաթիում:






