Հոկտեմբերի 13-ը հայտարարվել է Աղետների քանակի նվազեցման օր: Վերջին տարիներին նկատվում է աղետների քանակի ավելացում, ինչը ազգաբնակչության աճի հետևանք է: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:
Ըստ Մոշիրիի, աղետների քանակի ավելացումը բարդացնում է նաև պայքարը աղքատության հետ: Նա հավելել է, որ մեծ քաղաքները հատկապես խոցելի են աղետների համար, քանի որ շատ արագ են աճում:
Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աղետների ռիսկերի նվազեցումը, քանի որ Հայաստանին սպառնում են գրեթե բոլոր տիպի աղետները, ծովայիններից բացի: Նա հայտնել է, որ տարեվերջին ՄԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանում կսկսի գործել աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմը:
«Աղետների կանխարգելումը ավելի շատ դաստիարակության ու կրթության խնդիր է: Դպրոցում մենք փոխանցում ենք երեխաներին այն հմտություններն ու գիտելիքները, որոնք կարելի է օգտագործել աղտեների կանխարգելման համար»,-ասել է ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը նշել է, որ ԵՄ-ն շատ ակտիվ է աշխատում աղետների կանխարգելման ուղղությամբ: Նա հայտնել է, որ ԵՄ հումանիտար, ճգնաժամային կառավարումը Հարավային Կովկասում իրականացնում է աղետների հանդեպ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման ծրագիր: