AM
18 October 2010 - 08:19 AMT

Արենի գյուղի բնակիչները հյուրերին և զբոսաշրջիկներին հյուրասիրել են իրենց հիասքանչ գինով

Հայաստանի յուրաքանչյուր մարզ պետք է ունենա զարգացման իր մեխանիզմը, կարծում է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Հոկտեմբերի 17-ին Արենի գյուղում նշել են Գինու տոնը, որի կազմակերպիչներն են էկոնոմիկայի նախարարությունը և Արենի գյուղի գյուղապետարանը:

Նրա խոսքերով, Արենի գյուղը պատրաստ է կիսվել իր գինեգործությամբ այլ մարզերի և գյուղերի հետ, քանի որ այն հասել է որոշակի հաջողությունների խաղողի աճեցման և նրանից հայտնի «Արենի» գինու պատրաստման գործում: «Մենք ոգևորված ենք մեր հաջողություններով, քանի որ մեզ հաջողվել է հաղթահարել դժվարությունները և ապահովել գյուղի բնակիչների զբաղվածությունը»,- ասել է նա:

Իր հերթին, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման կառավարման պետ Մեխակ Ապրեսյանը նշել է, որ Հայաստանի մարզերում նման փառատոները պետք է հետևողական բնույթ կրեն:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել գինու և պանրի համտես, ձիավարության մրցույթ, նկարների ցուցահանդես, տեղի վարպետները ծանոթացրել են հյուրերին կողովագործության, լավաշ թխելու արվեստի հետ: