AM
18 October 2010 - 09:44 AMT

Արթուր Ջավադյան. Հայաստանի բանկային համակարգը տարածաշրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում

«Այսօր մենք միասին հիմնել ենք համահայկական ցանց, որը, համոզված եմ, ծառայելու է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի արդյունավետ զարգացմանը»,- ասել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` հոկտեմբերի 18-ին Երևանում ելույթ ունենալով ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովում: Նրա խոսքերով, նման համաժողովները կրկնակի արդյունավետ են, քանի որ բացի պրոֆեսիոնալ շահերից բոլոր մասնակիցներն ունեն մեկ ընդհանուր նպատակ` աշխարհասփյուռ հայության գիտելիքների և փորձի միավորում ի նպաստ հայրենիքի:

Ինչպես նշել է Ջավադյանը, հայ ֆինանսիստների ջանքերը պետք է ուղղվեն առավել որակյալ ծառայություններ տրամադրելուն: Նրա կարծիքով, Հայաստանի նման փոքր երկրները կարող են մրցել միայն տնտեսության գիտելիքահեն ոլորտներում, որոնցից մեկը ֆինանսական շուկան է: «Չնայած բազմաթիվ մարտահրավերներին` մենք կարող ենք ասել, որ մենք ունենք կայուն, առողջ և արդյունավետ վերահսկվող ֆինանսական համակարգ: Համաձայն 2010-2011թթ. համաշխարհային մրցունակության զեկույցի, կայունության ցուցանիշներով Հայաստանի բանկային համակարգը տարածաշրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Այդ փոքր, բայց կայուն ֆինանսական համակարգը կարող է հենարան դառնալ մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է նա:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը: Համաժողովին մասնակցում են շուրջ 100 մասնագետներ աշխարհի 10 երկրներից:

Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը: