ՀՀ ԿԲ-ն, լինելով ֆինանսական շուկայի խոշորագույն կարգավորիչը, իրականացնում է բարեփոխումներ բանկային, ապահովագրական շուկաներում, ինչպես նաև արժեթղթերի շուկայում, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` հանդես գալով Երևանում ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովում: «Ընդհանուր առմամբ, այդ բարեփոխումները կարելի է դիտարկել երկու տեսանկյունից` համակարգի ֆունկցիոնալ ապահովում և արդիականացում, ինչպես նաև միջոցառումների անցկացում միջազգային համագործակցության մեջ ինտեգրմանն աջակցելու համար»,- ասել է նա:
ԿԲ նախագահն առանձնացրել է երկրի հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնց թվում` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ի ստեղծումը, որն ուղղել է իր ջանքերը երկրորդական հիփոթեքային շուկայի զարգացմանը: «Բանկային համակարգը Հայաստանի ֆինանսական շուկայի առավել զարգացած մասն է, ուստի վերջին տարիներին ՀՀ ԿԲ-ի ջանքերն ուղղվել են ապահովագրական շուկայի և արժեթղթերի շուկայի կայացմանը»,- ասել է Ջավադյանը: Այդ տեսանկյունից նա առանձնացրել է Հայաստանում պարտադիր ապահովագրման ներմուծումը, մասնավորապես, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի ընդունումը, որն ուժի մեջ կմտնի 2011-ի հունվարի 1-ից: Նրա խոսքերով, պարտադիր ապահովագրման ներմուծումը կարևոր քայլ կդառնա Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման համար: Հաջորդ քայլը նա անվանեց բժշկական ապահովագրության հայեցակարգի զարգացման մշակումը:
«Ակտիվ աշխատանքներ են տարվում կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման ուղղությամբ»,- ասել է նա: