Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ մասնակցել բարերար Լեւոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ այնտեղ կառուցված նոր գյուղապետարանի, մանկապարտեզի եւ շուկայի շենքերի բացման արարողություններին:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարերարի ավանդը Արցախի բարգավաճման գործում՝ նշելով, որ նոր մանկապարտեզի շահագործմամբ Վանքում եւ շրջակա բնակավայրերում ավարտին կհասցվի կրթական ժամանակակից ցանցի ներդրումը, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ոլորտի հետագա զարգացման համար:
Արարողություններին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: