AM
18 October 2010 - 14:12 AMT

Տիգրան Սարգսյան. 2011 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 4,6%

Հայաստանի կառավարության հաշվարկներով, 2011 թվականին երկրի պետբյուջեի եկամուտները կկազմեն մոտ 850 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 998 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ հաջորդ տարի պետբյուջեի դեֆիցիտը չի գերազանցի 4%-ը: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության կողմից ներկայացված «2011 թվականի Հայաստանի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, 2011 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 4,6%: «Հաջորդ տարի մեզ համար ամենագլխավոր մարտահրավերներից մեկը գնաճի զսպումն է լինելու, որի ուղղությամբ վարկային և հարկա-բյուջետային քաղաքականություն կկիրառվի»,- ընդգծել է նախարարների գրասենյակի ղեկավարը:

Ինչպես նկատել է Սարգսյանը, 2011 թվականին պետբյուջեի հիմնական նպատակներն են երկրում երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովումը, տնտեսության դիվերսիֆիկացումը, որի շրջանակներում առաջին անգամ կներկայացվի կառավարության արդյունաբերական քաղաքականության տրամաբանությունը: «Մենք կխթանենք նաև հայկական արտադրանքի արտահանումը: Դրված նպատակին հասնելու համար մենք Զվարթնոց օդանավակայանը վերածում ենք ազատ տնտեսական գոտու, որպեսզի համաշխարհային ապրանքանիշերին գրավենք Հայաստան, տեղում իրականացնենք վաճառքն ու հայկական գյուղատնտեսական ապրանքի արտահանումը: Ընդհանուր առմամբ 2010 թվականի անկումից հետո, մեր հաշվարկներով, 2011 թվականին գյուղատնտեսության ոլորտի աճը կկազմի 10%»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա ավելացրել է նաև, որ կառավարության` բյուջեով նախատեսված հաջորդ նպատակը տուրիզմի զարգացումն է: Այդ համատեքստում, նրա խոսքով, համալիր ծրագրեր են իրականացվում, որոնցից մեկը Տաթևում ճոպանուղու բացումն էր:

Տիգրան Սարգսյանը հաղորդել է, որ 2011 թվականին կշարունակվեն բարեփոխումները մասնավորապես հարկային վարչարարության ոլորտում: «Այդ ոլորտում մենք կշարունակենք էլեկտրոնային համակարգ ներդնել, որպեսզի նվազագույնի հասցնենք հարկատուի և հարկային ծառայության աշխատակցի միջև ուղղակի հաղորդակցությունը»,- նկատել է վարչապետը: