AM
7 July 2001 - 12:58 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԾՎԵԼՈՒ ԵՆ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՉԻՊԵՐ

. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Երեւանյան «Ամարաստ» ֆիրման ստացել է կիսահաղորդչային չիպերի նախագծման պատվեր: Այդ չիպերը արտադրվելու են Թայվանում: Ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը շեշտեց, որ այդ ծրագրի պաշտոնական ձեւակերպումը կավարտվի 1-2 ամսից: Նշենք, որ «Արկա» գործակալության մոտ եղած տեղեկատվության համաձայն, արտադրության սկզբնական ծավալը կարող է գերազանցել 10 միլիոն դոլարի սահմանը: «Ամարաստ»-ի բաժնետերերից մեկը` Վահրամ Մուրադյանը, խոսելով հետագայում չիպերի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորության մասին, նշեց, որ «նման նախագծի իրականացումը առկա պայմաններում ռեալ չէ»: Իր խոսքերով` համապատասխան արտադրական հզորությունները ապահովելու համար կպահանջվեր 2 միլիարդ դոլար: Նշենք, որ «Ամարաստ»-ը համանուն ամերիկյան ընկերության դուստր-ձեռնարկությունն է: Ընկերության բաժնետոմսերը պատկանում են հայկական ծագմամբ ամերիկացի գործարար Վահրամ Մուրադյանին, «Sil Group» կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանին եւ ԱՄՆ-ից մի ներդրողի: