AM
22 October 2010 - 13:27 AMT

«Ամերիաբանկ»-ը վարկային պորտֆելի ծավալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է

«Ամերիաբանկ» ՓԲԸ վարկային պորտֆելը 2010թ. 9 ամսվա արդյունքներով կազմել է 88 մլրդ դրամ: «Այս ցուցանիշով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջին տեղը»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ընդ որում, տարվա սկզբի համեմատությամբ վարկային պորտֆելի աճը 9 ամսում կազմել է 37%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 98 %:

Հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով բանկի վարկային պորտֆելի աճի 87%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք նշված ժամանակահատվածում աճել են 38 %-ով: 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելի 84%-ը (75 մլրդ դրամ) կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը: Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց վարկավորմանը, ապա ընթացիկ տարվա 9 ամսում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճը կազմել է 29%, իսկ տարեկան կտրվածքով պորտֆելը գրեթե կրկնապատկվել է (աճը` 99%):