«Ես առանձնակի ակնկալիքներ չունեմ հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Աստրախանում կայանալիք հանդիպումից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա, այդ հանդիպման նպատակն է կողմերին պահել որոշակի ձևաչափի սահմաններում, որպեսզի ոչ մի միջադեպ չլինի: Ընդ որում, նա նշել է, որ հավանաբար, Ռուսաստանը կփորձի կողմերին մի բանաձև առաջարկել, որտեղ դրույթ կլինի ուժի չկիրառման մասին: «Ես կարծում եմ, որ ոչ Աստրախանում, ոչ Աստանայում, որտեղ դեկտեմբերի 1-2 տեղի կունենա ԵԱՀԿ գագաթնաժողովը, բեկում չի մտցվի ղարաբաղյան կարգավորման ներկա փակուղային իրավիճակում»,-ասել է Բոզորյանը: Ընդ որում փորձագետը նշել է, որ վերջերս Ռուսաստանը, ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների համեմատ, ակտիվացրել է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Ես չէի ասի, թե նա հաջողության է հասել այդ հարցում»,-նշել է Բոզոյանը: Փորձագետը չի բացառել նաև, որ Աստրախանի հանդիպումից հետո Ադրբեջանը կարող է հերթական սադրքնի գնալ, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումից հետո:






