AM
26 October 2010 - 09:44 AMT

Առևտրի ու զարգացման սևծովյան բանկը 70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 10 նախագիծ է իրականացնում Հայաստանում

Առևտրի ու զարգացման սևծովյան բանկը (BSTDB) այս պահի դրությամբ 70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 10 նախագիծ է իրականացնում Հայաստանում, ընդ որում երկրի բաժնեմասը բանկի ակտիվում կազմում է 5 տոկոս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը: «Հայաստանի համար շահույթը կազմում է 1-ը 14-ին, այսինքն յուրաքանչյուր ներդրած դոլարի դիմաց երկրում իրականացվել է 14 դոլարի պատասխան ներդրում: Դա լավ ցուցանիշ է, սակայն մենք փորձում ենք ավելացնել փոքր երկրների քանակը բանկի պորտֆելում»,-ասել է նա:

Կոնդակովը նշել է, որ տնտեսական ճգնաժամը շատ մեծ ազդեցություն չունեցավ բանկի գործունեության արդյունքների վրա: «Բանկը շարունակում է շահույթով աշխատել, և անցած 4 տարում բանկի վարկային պորտֆելը կրկնապատկվել է, իսկ առաջիկա 4 տարում մենք մտադիր ենք ավելացնել այն ևս 70 տոկոսով»,-ասել է Կոնդակովը: