AM
26 October 2010 - 11:27 AMT

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը դիտարկում է Արդշինինվեստբանկին ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորությունը

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԾԱԶԲ) պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արդշինինվեստբանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանի և բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Արդշինինվեստբանկին վարկային միջոցների ուղղակի տրամադրման, Փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման հարցեր, ինչպես նաև Առևտրի գլոբալ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և Արդշինինվեստբանկում լիզինգային գործունեության ծավալման և ընդլայնման ոլորտներին առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ՍԾԱԶԲ-ի համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառների, ինչպես նաև Արդշինինվեստբանկի ռազմավարական խոշոր հաճախորդների գործունեության զարգացմանն ուղղված ֆինանսավորման հնարավոր ուղղություններին վերաբերվող խնդիրներին:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Ուրախ կլինենք համագործակցել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ, քանի որ այն հնարավորություն կտա մեզ նպաստել Հայաստանի ինչպես փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը, այդպես էլ հանրապետության տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող խոշոր ձեռնարկություններին զարգացնել անցած տնտեսական դժվար իրավիճակի հետևանքները: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով»: