. «Գազպրոմի» ղեկավարությունը հրաժարվել է Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը մասնկացելու մտադրությունից: «Մեդիամաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ընկերության վարչության նախագահ Ռեմ Վյախիրեւը: Նրա խոսքերով «Գազպրոմը» առաջնային է համարում Սեւծովյան եւ Արեւելա-եվրոպական ուղղությունները: Վյախիրեւը նշել է, որ ներկայումս «Գազպրոմը» նաեւ ակտիվ զարգացնում է Թուրքիայի հետ գործակցությունը, որի հետ համատեղ աշխատանքներ են տարվում «Երկնագույն հոսք» նախագիծը իրականացնելու ուղղությամբ:
Ընդամենը մի քանի օր առաջ Իրանական ռադիոն հայտնել էր, որ «Գազպրոմը», ըստ ամենայնի, կմասնակցի Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը: Իսկ շաբաթվա սկզբին «Գազպրոմի» ներկայացուցիչները մասնակցել էին գազատարի կառուցման նախագիծը նախապատրաստող կոնսորցիումի անդամների խորհրդակցությանը: