Ճանապարհային քարտեզի հարցը քննարկվում է արդեն երկրորդ տարին, կա մի քանի տարբերակ, սակայն ոչ մեկը ձեռնատու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ պատասխանելով PanARMENIAN.Net –ի թղթակցի հարցին այն մասին, թե կարող է արդյոք ճանապարհային քարտեզն ընդունվել ղարաբաղյան կարգավորման համար:
Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ կարող է հակամարտության կողմերին ճանարապարհային քարտեզ պարտադրելու փորձ արվի: «Սակայն, հազիվ թե Հայաստանին ու Ադրբեջանին կարողանան պարտադրել ճանապարհային քարտեզ ընդունել, դա հնարավոր կլինի միայն պատերազմական գործողությունների դեպքում»,-ասել է Կոմանդոսը՝ հավելելով, որ քանի կա հայկական բանակը, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ փոքր է:






