ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր գումարված նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև պանրի շուկայում ստեղծված իրավիճակին:
Պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից և Հանձնաժողովի պարբերական մոնիթորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո` հոկտեմբերի 22-ին Հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:
Նրանք պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետևանք է մթերվող կաթի գնի բարձրացման: Տնտեսվարողների այս պարզաբանումը նույն օրը Հանձնաժողովը նույնությամբ տրամադրել էր մամուլին և հասարակությանը:
Նշենք նաև, որ այս շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: Ըստ ՊԵԿ-ի տվյալների, շուկայում գործում է 78 գրանցված սուբյեկտ` չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները:
Բայց հաշվի առնելով, որ պանրի գնի բարձրացումը մեծ սոցիալական արձագանք է ստացել, և մամուլում թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, Հանձնաժողովը որոշեց սեփական ուսումնասիրությունն իրականացնել` պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով:
Միաժամանակ, Հանձնաժողովը խնդրում է մամուլում հանդես եկող բոլոր այն տնտեսագետներին, քաղաքական և հասարակական գործիչներին, որոնք պանրի գնի բարձրացումը մեկնաբանում են մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներով, աջակցել Հանձնաժողովի ուսումնասիրությանը` ներկայացնելով խնդրին առչվող կոնկրետ փաստեր և հանգամանքներ:
Ուսումնասիրության ավարտին արդյունքները կներկայացվեն հանրությանը:
Հասարակությանը հուզող հարցերին այսուհետ առավել մեծ ուշադրություն հատկացնելու նպատակով Հանձնաժողովն ընդունեց նաև ՏՄՊՊՀ-ին կից հասարակական խորհուրդ ստեղծելու մասին որոշում: Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կլինեն ոչ միայն պետական, այլև հասարակական և գործարար հատվածի ներկայացուցիչներ, որոնց հետ համատեղ աշխատանքի արդյունքում Հանձնաժողովն այսուհետ հնրավորություն կունենա առավել արագ և արդյունավետ արձագանքել հատկապես հասարակությանն անհանգստացնող խնդիրներին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:






