2010թ.-ի հոկտեմբերի 10-13-ը Օքսֆորդի քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցան «Առաջնորդների Օքսֆորդի գագաթաժողով» կոնֆերանսը և XLVII «International Socrates Award Ceremony» հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայկական «Տոնուս-Լես» ընկերության նախագահ Լևոն Հակոբյանին հանձնվել է Եվրոպայի Բիզնեսի գագաթաժողովի մրցանակը: «Տոնուս- Լես» ՍՊԸ-ն Հայաստանի դեղագործական շուկայում գործում է 10 տարի:
Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այս մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակն ու մրցունակությունը: Սույն անվանակարգի առաջադրումը հիմնվում է Եվրոպայի Բիզնեսի գագաթնաժողովի կողմից ծավալված հետազոտությունների վիճակագրական տվյալների վրա:
Եվրոպայի Բիզնեսի գագաթաժողովի նշված միջոցառումներին մասնակցել են ավելի քան 100 առաջատար դիվանագետներ, գործարարներ, ֆինանսիստներ, գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ բազմաթիվ երկրներից` Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Էստոնիա, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ադրբեջան, Եգիպտոս, Թուրքիա, Նիգերիա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկիստան և այլն։