. Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի հայտարարությունը, որն ինքն արել էր Հայաստան կատարած այցի ընթացքում, Ադրբեջանում դժգոհության ալիք է առաջացրել: Հիշեցնենք, որ Սելեզնյովը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում Ռուսաստան-Բելառուս միության մեջ ընդգրկելու հնարավորության մասին: Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Մուրտուզ Ալեսկերովը նույնիսկ բողոքի նամակ է հղել Սելեզնյովին: Նամակում նա ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ նման հայտարարություններով Ռուսաստանը անուղղակի կերպով չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Պատասխան նամակում Պետդումայի խոսնակը հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել ԶԼՄ ներկայացուցիչների կողմից: Սելեզնյովի խոսքերով, իրականում նա խոսում էր միայն Հայաստանի Ռուսաստան-Բելառուս միությանը անդամակցելու մասին: Սելեզնյովը հայտարարել է, որ ինքը հարգում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը: