Նոյեմբերի 2-5-ը Ալմաթիում կայացել է «World Food Kazakhstan» համաշխարհային ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանը առանձին տաղավարով: Նոյեմբերի 5-ին կազմակերպիչների կողմից Հայաստանի ներկայացուցիչներին հանձնվեց «Տարվա բացահայտումը» վկայագիրը` մասնակցության համար, իսկ «Արարատ» Երեւանի կոնյակի գործարանի «Նաիրի» կոնյակը ճանաչվեց ցուցահանդեսի լավագույն արտադրանքը եւ արժանացավ ոսկե մեդալի:
Հայկական զարգացման գործակալության, Ղազախստանում Հայաստանի դեսպանության եւ Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում 15 հայկական ընկերությունների հնարավորություն ընձեռնվեց իրենց ապրանքների ցուցադրությամբ ներկայանալ եւ ակտիվ մասնակցություն ունենալ նման հեղինակավոր ցուցահանդեսի աշխատանքներին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցահանդեսի օրերին հայկական տաղավար այցելեցին մեծ թվով հյուրեր, գործարարներ: Հայկական պատվիրակության անդամները կապեր հաստատեցին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ծանոթացան տեղի շուկայի պայմաններին եւ հնարավորություններին, հանդիպումներ ունեցան Ղազախստանի գործարար շրջանակների հետ: