ՀՀ կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը, ինչպես նաև դրա իրագործման համար միջոցառումների ծրագրին:
Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այդ ռազմավարությունը մշակվել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում միջազգային փորձի կիրառմամբ և միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Նախարարը պարզաբանել է, որ նոր համակարգը, մի կողմից, կենտրոնացված է լինելու, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը համակարգելու է առանձին աուդիտորական կառույցների գործունեությունը, մյուս կողմից, ապակենտրոնացված է, քանի որ յուրաքանչյուր պետական հաստատություն ինքնուրույն է ընդունելու այն: Տիգրան Դավթյանը նշել է, որ ներքին ֆինանսական հսկողության կիրառումը կապված է պետական հաստատությունների պատասխանատվության բարձրացման հետ, իսկ արտաքին աուդիտի ստուգումների դեպքում ներքին աուդիտն առաջին հերթին է պատասխան տալու խախտումների համար: Տ. Դավթյանը հավելել է, որ պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարության ներմուծումը նախատեսվում է 2012-2014թթ.: