Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի մայիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում ծրագրվող հանդիպումը չի կայանա, քանի որ Հեյդար Ալիեւը չի մասնակցի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքի» 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի պատվիրակությունը կգլխավորի երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Մինչդեռ, ինչպես գրում է թերթը, ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կքննարկեն անմիջականորեն Ադրրբեջանին վերաբերող հարցեր: Այդպես, այնտեղ կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ կփոխանակեն աշխարհում տիրող իրավիճակի շուրջ եւ կքննարկեն Համագործակցության շրջանակներում փոխգործունեության արդիական հարցեր: Նախատեսվում է նաեւ քննարկել Իրաքում պատերազմի հետեւանքները, ինչպես նաեւ` արտաքսված անձանց, ազգային փոքրամասնությունների եւ ժողովուրդների իրավունքների վերականգնման շուրջ միջպետական համաձայնագիրը: Բացի դրանից, ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում առաջինն է ԱՊՀ շրջանակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծումից հետո, ինչը, ինչպես նշում է թերթը, հարուցում է պաշտոնական Բաքվի լուրջ մտահոգությունը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, որը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ-երկրները «հարգանքով կվերաբերվեն այլ երկրների անվտանգության ու տարածքային ամբողջականության հարցերին»: Այնուամենայնիվ, մտահոգությունները մնում են , նշել է Վ. Գուլիեւը: Եթե հաշվի առնենք, նշում է թերթը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամներից մեկն է հանդիսանում, ապա Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը այդ պետությունների կողմից «այլ երկրների անվտանգությանն ու ատարծքային ամբողջականության հարցերին» հարգալից վերաբերմունք դրսեւորելու մասին կարելի է դիտարկել որպես «սեւ հումորի» վառ օրինակ: