Հայաստանում գյուղմթերքի ինքնարժեքը 2-3 անգամ աճում է բաց շուկաների բացակայության հաշվին, որտեղ գյուղացիներն իրենք կարող էին վաճառել իրենց ապրանքը: Նոյեմբերի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, երկրում միայն մեկ բաց շուկա է գործում (այսպես կոչված Մալաթիան), որտեղ վերավաճառողների շղթան արգելքներ է ստեղծում, որպեսզի գյուղացին չկարողանա իր արտադրանքը ցածր գնով իրացնել:
Այդ կապակցությամբ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ նման շուկա ստեղծելու նախագիծը ձեռնարկվել էր Էրեբունի վարչական կենտրոնում, և այդ նախաձեռնությունը հաջողություն ուներ: «Սակայն բողոքներ հայտնվեցին, որ բաց շուկաները խախտում են քաղաքացիների հանգիստը: Հասկանալի է, թե ում էր դա ձեռնտու»,- ընդգծեց նա:
Ինչպես նշեց մասնագետը, որպեսզի չտուժի ոչ գյուղացին, ոչ էլ սպառողը, մեծ ցանկության դեպքում կարելի է նման շուկաներ ստեղծել Երևանի քաղաքամերձ տարածքներում, օրինակ` Մասիսում, որտեղ Արարատի, Արտաշատի գյուղացիները կկարողանան իրացնել իրենց ապրանքը: