AM
17 November 2010 - 11:38 AMT

ՀՀ փոխվարչապետը և ՀԲ պատվիրակությունը քննարկել են Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում բարեփոխումների հարցերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Կողմերը քննարկեցին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ ՀԲ-ի թիմի առաջարկներին: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և գնահատելի ու օգտակար համարեց թիմի առաջարկությունները:

Երկուստեք կարևորվեց համակարգում կապիտալ ներդրումների իրականացումը, ինչպես նաև վարկային նոր ծրագրի նախապատրաստումը, ինչը հնարավորություն կտա ապահովել ոլորտում բարեփոխումների շարունակականությունը: Անդրադարձ եղավ նաև օպերատոր ընկերությունների սպասարկման տիրույթից դուրս գտնվող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, նշվեց, որ դրանով պայմաններ կստեղծվեն օպերատորների ծառայություններից օգտվող համայնքների թիվն ավելացնելու համար, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը: