Նոյեմբերի 16-ին Ազատ ծրագրային ապահովման (ԾԱ) շարժման հիմնադիր Ռիչարդ Սթոլմանը Երևանում իր ունկընդիրներին պատմել է ծրագրային ապահովման ազատության ու կիրառման էթիկայի վերաբերյալ իր մոտեցման մասին: Ըստ նրա, ազատ ծրագրային ապահովումը դա ոչ այնքան տեխնիկական խնդիր է, որքան սոցիալ-տնտեսական ու էթիկայի խնդիր: Նա օրինակներ է բերել, երբ ԾԱ առաջատար արտադրողները թույլ էին տալիս իրենց ջնջել ծրագրերը օգտվողների համակարգիչներից: Նա նաև հանդես է եկել ոչ ազատ ծրագրային ապահովման կիրառման դեմ պետական հաստատությունների կողմից և կրթության ոլորտում:
«Եթե կառավարությունն օգտագործում է ոչ ազատ ծրագրային ապահովում, դա նույնն է, ինչ մի քանի օրով ԿՀՎ-ին քո տուն հրավիրելը»,-հայտարարել է նա: Սթոլմանի դասախոսությանը, որն աննախադեպ երկար տևեց՝ մոտ 3 ժամ, ներկա էր շուրջ 230 մարդ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սթոլմանը, ազատ ԾԱ շարժման առավել հետևողական հետնորդները Հնդկաստանը, Հարավային Ամերիկայի, ինչպես նաև Եվրոպայի որոշ երկրներն են՝ Ֆրանսիան, Իսպանիան, սկանդինավյան երկրները:
«Հետկոմունիստական երկրներում այդ շարժումն այնքան էլ զարգացած չէ: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկրներում մարդիկ կենտրոնացած էին միայն միջոցներ վաստակելու վրա և չէին մտածում ազատության մասին: Սակայն, այժմ ամեն ինչ փոխվում է, ազատ ԾԱ-ն ակտիվորեն զարգանում է Չինաստանում, կարծես, Հայաստանում ևս հետաքրքրություն է նկատվում»,-ասել է Ռիչարդ Սթոլմանը: Դասախոսության ընթացքում Սթոլմանը աճուրդ է կազմակերպել՝ առաջրկելով գնուի արձանիկը, որը խորհրդանշում է GNU նախագիծը, որի հիմնադիրն է հանդիսանում Սթոլմանը: Այն վաճառվել է 65 հազար դրամով՝ 180 դոլար:
Ռիչարդ Սթոլմանը Հայաստանում է գտնվում շվեյցարական հումանիտար КАSА հիմնադրամի հրավերով: Սթոլմանը դասախոսություններով հանդես կգա նաև նոյմեբերի 18-ին Երևանում և նոյեմբերի 19-ին՝ Գյումրիում: Այնուհետև Սթոլմանը կմեկնի Վրաստան: Դասախոսությունների մուտքն ազատ է, սակայն ըստ նախնական գրանցման www.kasa.am կայքում: Սթոլմանի դասախոսությունները հասցեագրված են ոչ միայն նեղ մասնագետների, այլ նաև յուրաքանչյուր օգտվողի: