AM
17 November 2010 - 14:03 AMT

Տիգրան Սարգսյան. Հայաստանում գնաճի թիրախային մակարդակը հաջորդ տարի կազմում է 4%

2011 թվականին ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու հակաճգնաժամային քաղաքականությունից դեպի կայուն տնտեսական զարգացմանը վերադառնալուն` իրականացնելով զարգացմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումներ, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ Ազգային Ժողովում ներկայացնելով 2011 թվականի բյուջեի նախագիծը:

«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը 2011 թվականին հիմնականում նպատակաուղղված է լինելու տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանը և արտահանման կողմնորոշման ընդլայնմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվածության խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի էական բարելավմանը, տնտեսական աճն ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտմանն ու ներդրմանը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները և առաջնահերթ քաղաքականությունները»,- հայտնել է վարչապետն իր խոսքում:

Նա նշել է, որ իրականացվելիք մակրոտնտեսական քաղաքականությունը ենթադրում է բյուջետային դեֆիցիտի աստիճանական նվազեցում, պետական պարտքի աճի տեմպերի սահմանափակում` այն ողջամիտ` այսինքն տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակ, լողացող փոխարժեքի ռեժիմ։

Մասնավորապես, գնաճը 12-ամսյա թիրախով կանխատեսվում է 4%-ի շրջանակներում` 1.5%-անոց միջանցքում, իսկ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի առումով նախատեսվում է իրականացնել բյուջետային դեֆիցիտի ծրագիր, որը ենթադրում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու 4%-ը։ Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում` 86.8% բաժին կընկնի արտաքին պարտքին և 2011 թվականի վերջում կանխատեսում են ունենալ 4305.1 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին պարտք։ Արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ և, մեր գնահատականներով, այն իր մեջ սպասարկման վտանգներ չի պարունակում։