AM
24 November 2010 - 14:55 AMT

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում Doing Business-ի հետազոտության մեջ երկրի վարկանիշը բարելավելու համար

«Մենք խորհրդակցեցինք և մանրամասն ծանոթացանք Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում հրապարակված Հայաստանի բիզնես-միջավայրի գնահատման յուրաքանչյուր տարրին»,- նոյեմբերի 24-ին լրագրողներին է հաղորդել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այդ զեկույցում երկրի վատագույն ցուցանիշը կապված է հարկային և մաքսային վարչարարության հետ: «Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն բիզնես-միջավայրը բարելավելու նպատակով կոնկրետ միջոցառումներ է մշակել: Խոսքը գնում է հաշվետվությունների քանակի կրճատման մասին, այն ժամանակի մասին, որը գործարարները ծախսում են հարկային վարչության մարմինների հետ հաղորդակցվելու վրա, ինչպես նաև հարկերի պարբերական վճարումների կրճատման մասին»,- ասել է նա` ավելացնելով, որ բարեփոխումները պետք է վերաբերեն նաև պատժամիջոցներին ու ստուգման պայմաններին:

ՀՀ վարչապետը նշել է, որ մեկ շաբաթ անց կրկին խորհրդակցություն կհրավիրվի, և բոլոր գերատեսչությունները պետք է գործողությունների ծրագիր ներկայացնեն, որպեսզի մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը երկիրը լուրջ առաջընթաց ունենա բոլոր ցուցանիշներով: «Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մի քանի որոշումներ, մասնավորապես` տնտեսվարող սուբյեկտների հաշվետվությունները կհանձնվեն էլեկտրոնային տեսքով, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել վարչարարության վրա ծախսվող ժամանակը»,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում Doing Business-ի ցուցանիշներին առանձնակի ուշադրություն էր հատկացվել: «Մենք պարտավոր ենք մեկ տարում որակական բարելավումներ ապահովել այս ոլորտում»,- ավելացրել է նա: