AM
18 June 2001 - 18:45 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԻԾԸ

. Հունիսի 25-26 Եվրոպական Խորհրդարանի արտաքին գործերի Կոմիտեում կքննարկվի Հարավային Կովկասի երեք երկրների նկատմամաբ Եվրամիության քաղաքականության վերաբերյալ զեկույցը: Նախագծում, մասնավորապես, ասվում է, որ Եվրամիությունը պետք է ակտիվ քաղաքականություն վարի տարածաշրջանում եւ աջակցի հակամարտությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ուղղված նոր մոտեցումների մշակմանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան Եվրամիությանը անդամակցելու հայտ է ներկայացրել, ԵՄ-ն հնարավորություն է ստանում «նպաստել Թուրքիայի ավելի ճկուն մոտեցմանը տարածաշրջանային հակամարտությունների հանդեպ, մասնավորապես` Հայաստանի հետ հարաբերություններին»,- ասվում է նախագծում: Նշում է, որ խոսքը գնում է առաջին հերթին հայ-թուրքական սահմանի եւ 1915 թ. Հայոց Ցեղասպանության վերաբերմունքի մասին: «Եվրոպական Խորհրդարանի եւ Եվրամիությանը անդամակցող մի քանի երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստերը հնարավորություն են տալիս Եվրամիությանը հանդես գալ կառուցողական առաջարկներով: Օրինակ, ստեղծել պատմաբանների բազմակողմ միջազգային հանձնաժողով` 1915 թ. Հայոց Ցեղասպանության խնդիրն ուսումնասիրելու համար»,- ասվում է Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունների մասին նոր զեկույցի նախագծում:
Զեկույցի վերջնական քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 1-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում: