AM
30 Նոյեմբեր 2010 - 10:24 AMT

Լևոն Հովսեփյան. Գոյություն ունի գաղտնի պայմանագիր, որի համաձայն Ադրբեջանն առանց Թուրքիայի համաձայնության չի կարող պատերազմ սկսել

Թուրքիան տարբեր միջոցներով փորձում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի պաշտպանական համակարգի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր փորձագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքով, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում բավական լուրջ աշխատանք է ընթանում ադրբեջանական բանակի սպայական կազմի ձևավորման շուրջ: Ընդ որում` հայ փորձագետը նկատեց, որ Թուրքիայի գրեթե բոլոր ռազմական ուսումնական հաստատություններում ադրբեջանցի սպաներ են վերապատրաստում: «2006 թվականին Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում պաշտոնական տվյալներով թուրք փորձագետների ղեկավարությամբ վերապատրաստում են անցել մոտ 4000 զինծառայողներ»,- ասաց Հովսեփյանը: Հայ փորձագետը նկատեց նաև, որ ադրբեջանական բանակում նման ուսումնական ծրագրերի անցկացման արդյունքում շատ զինվորների մոտ թուրքամետ տրամադրություն է ձևավորվում:

«Որոշ տեղեկատվության համաձայն` երկու երկրների միջև գոյություն ունի գաղտնի պայմանագիր, որի համաձայն Ադրբեջանն առանց Թուրքիայի համաձայնության չի կարող պատերազմ սկսել»,- նշեց նա: Ընդ որում` նա չբացառեց, որ Անկարան գաղտնի կերպով զենք է մատակարարում Բաքվին: