Եվրոպայում ծրագրային ապահովման խոշորագույն մշակողներից մեկը` գերմանական SAP ընկերությունը, դեկտեմբերի 2-ին Երևանում ընթացող գործարար համաժողովի ընթացքում առաջին անգամ հայ հանրությանն է ներկայացրել իր արդիական լուծումները:
«SAP-ն արդյունավետության բարձրացման գլոբալ առաջատար է ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար»,- ասել է «SAP-ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը: Նրա խոսքերով, ընկերությունում աշխատում է ավելի քան 50 000 մարդ, ընկերության տարեկան շահույթը կազմում է ավելի քան 10 մլրդ եվրո, SAP լուծումներից օգտվում են պետական և մասնավոր հատվածի ավելի քան 100 000 ներկայացուցիչներ ողջ աշխարհում: Ավելին, ընկերությունն ամեն տարի ներդնում է 1 մլրդ եվրո իր լուծումների զարգացման համար: «Մենք փորձում ենք ստեղծել արտադրանք, որը թույլ է տալիս օպտիմալ կերպով կիրառել առկա ռեսուրսները, բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը և մրցունակությունը»,- ասել է նա: Մարտինովը հաղորդել է,որ ընկերությունը նորարարական լուծումների ստեղծմամբ զբաղվում է 35 տարի, «կա հսկայան փորձ, որը թույլ է տալիս ընկալել բիզնեսի կառավարման ոլորտում ժամանակակից միտումները»: Նա նշել է, որ Ռուսաստանի շուկայում վերջին տարիներին ընկերությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում, իսկ ինչ վերաբերվում է գլոբալ շուկային, ապա SAP-ը երկու անգամ մեծ է իր հիմնական մրցակցից:
«Այսօր անհնար է ինչ-որ ընկերություն պատկերացնել, որը միջազգային մակարդակում կարող է մրցել առանց բիզնեսի կառավարման ոլորտում նոր տեխնոլոգիաներ կիրառելու»,- ասվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հաղորդագրությունում, որը գործարար համաժողովի ժամանակ ընթերցել է Վահե Դանիելյանը: «Կարծում եմ, որ SAP-ը կարող է մեր բիզնես-հանրության համար լավ գործընկեր դառնալ, որը կօգնի առաջընթաց ապահովել ժամանակակից բիզնես-լուծումների ներմուծման հաշվին»,- հավելել է նա:
Գործարար համաժողովի կազմակերպիչներն են «Շիրակ տեխնոլոգիական ընկերությունը» «SAP-ԱՊՀ» հետ համագործակցությամբ: Գործարար համաժողովի ընթացքում հայ ձեռնարկատերերը կծանոթանան SAP լավագույն լուծումների հետ բիզնեսի կառավարման ոլորտում:






