Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 4-6-ը գտնվելու է Սալոնիկում (Հունաստան), որտեղ մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) կառավարիչների նիստին:
Նիստին քննարկվելու են բանկի 2011-2014 թթ. միջնաժամկետ ռազմավարության և բիզնես պլանի, բանկի կառավարիչների խորհրդի ընթացակարգերի փոփոխության, բանկի վարքի կոդեքսի վերանայման, ինչպես նաև այլ հարցերը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999 թ.-ից՝ որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1տոկոս: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը՝ գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով:






