AM
2 December 2010 - 14:49 AMT

Պլասիդո Դոմինգո. Ինձ և իմ ողջ խմբի համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանում

«Ես երկար տարիներ ցանկանում էի գալ Հայաստան: Ինձ և իմ ողջ խմբի համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այնպիսի մի երկրում, ինչպիսին Հայաստանն է»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց աշխարհահռչակ երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն: Երգչի խոսքով, կազմելով արտասահմանյան հյուրախաղերի ժամանակացույցը, ինքը միշտ ցանկանում էր այցելել այնպիսի երկրներ, որտեղ նախկինում ելույթ չէր ունեցել, և ահա այժմ հերթը հասավ Հայաստանին: Երգիչը խոստովանեց, որ շոյված է Հայաստանում իրեն ցուցաբերած ընդունելությունից:

Այն հարցին, թե ինչ է երգիչը հասցրել տեսնել Հայաստանում, նա պատասխանեց. «Ցավոք, ես չհասցրեցի շատ բան տեսնել, քանի որ կարճ ժամանակով եմ ժամանել: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ հաջորդ անգամ ես կգամ որպես զբոսաշրջիկ: Հայաստանը մի երկիր է, որի ուսումնասիրման համար երկար ժամանակ է հարկավոր»: