«Ձմեռը Հայաստանում կլինի նորմայի սահմաններում, առանց առանձնահատուկ շեղումների: Ջերմաստիճանը սովորականից բարձր կլինի 0,5-1 աստիճանով: Շեղումներ կարող են արձանագրվել եկող տարվա մարտ ամսին»,-դեկտեմբերի 4-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքերով, «եթե աշունն առանց տեղումների է անցնում, ապա առատ տեղումներ են լինում ձմռանը»: «2010թ. ընդհանուր առմամբ տարբերվում էր նորմայից. ձմեռը չափազանց տաք էր, գարունը՝ խոնավ, ինչը բացասաբար ազդեց գյուղատնտեսության վրա, ամառը շոգ էր և չոր, իսկ աշնան ընթացքում տեղումներ գրեթե չեղան: Որպես կանոն, չոր աշնան դեպքում ձմռանը գրանցվում են առատ տեղումներ»,-ասել է Պետրոսյանը:
Նա նշել է, որ առաջիկա շաբաթը տաք կլինի (15-18 աստիճան տաքություն, որոշ շրջաններում՝ մինչև 20 աստիճան), առանց տեղումների, «առանձնակի փոփոխություններ չեն լինի»: Պետրոսյանը հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կտեղա առաջին ձյունը: