Ավելի արդյունավետ կլիներ, եթե ԵԱՀԿ հնգակողմ հայտարարությունը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը) վեցակողմ լիներ, այսինքն` եթե այդ հայտարարության տակ լիներ նաև Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով` հիմնվելով հայտարարության բովանդակության վրա, մասնավորապես երեք հիմնական սկզբունքների հավասարազորության վրա, Հայաստանը պետք է ջանա Արցախը վերադարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթաց: «Այդ սկզբունքներից երկուսը` ազգերի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառումն ուղղակիորեն վերաբերում են Ղարաբաղին: Չեմ կարծում, թե Հայաստանը կամ Ադրբեջանն ինքնորոշման խնդիր ունեն»,- ասաց Բեքարյանը:






