AM
4 December 2010 - 13:45 AMT

Հայաստանը Opera mini բջջային բրաուզերից օգտվողների քանակով 5-րդ տեղում է

Հայաստանն ԱՊՀ-ում Opera mini բջջային բրաուզերից օգտվողների քանակով 5-րդ տեղում է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ԱՊՀ-ում Opera Software ընկերության հաղորդակցության գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը, 2009 թվականի համեմատ Opera mini-ից հայ օգտվողների քանակն աճել է 40%-ով: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ընկերությունը կոնկրետ տվյալներ չի հրապարակում օգտվողների մասին ըստ տարածաշրջանների: Opera mini բրաուզերից օգտվոում են Հայաստանում բջջային Ինտերնետից օգտվողների 70%-80%: Դրա հետ մեկտեղ, Հայաստանում համակարգիչներից օգտվողների միայն 11%-ն է օգտվում Opera բրաուզերից: Opera Software-ի 2010թ. հոկտեմբերի տվյալներով, Հայաստանն ԱՊՀ-ում առաջատարն է Opera mini բջջային բրաուզերի միջոցով այցելած էջերի քանակով (ամսական 1380 վեբ-էջ): Վլադիմիր Իսաևի խոսքով, Հայաստանում Opera mini-ից օգտվողների այցելած կայքերի հիմնական տեսակներն են սոցիալական ցանցերը, որոնման կայքերը, էլեկտրոնային փոստը և ծանոթության կայքերը: