AM
9 December 2010 - 11:55 AMT

«Սայաթ-Նովա» օպերան 90 տոկոսով պատրաստ է բեմադրության, առաջին ցուցադրությունը կլինի հաջորդ տարվա մարտին

«Ամբողջ սեպտեմբերը մենք աշխատել ենք «Սայաթ-Նովա» օպերայի բեմականացման վրա, այժմ այն 90 տոկոսով պատրաստ է, առաջին ցուցադրությունը կլինի հաջորդ տարվա մարտին»,-դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Ըստ նրա, օպերայի հեղինակ Ալեքսանդր Հարությունյանի և Վրաստանից հրավիրված ռեժիսոր Գայոս Ջորդանիայի միջև տարաձայնությունների պատճառով, աշխատանքը կավարտի մեկ այլ ռեժիսոր: «Անուններ դեռ չեմ նշի, սակայն, կասեմ, որ աշխատանքն ավարտելու համար մենք մտադիր ենք հրավիրել երիտասարդ տաղանդավոր հայ ռեժիսորի, քանի որ Ա.Հարությունյանը հրաժարվել է աշխատել վրաց ռեժիսորի հետ, անկախ վերջինիս տպավորիչ ռեզյումեից»,-ասել է Հովհաննիսյանը: «Սայաթ-Նովա» օպերայի բեմականացման համար պետբյուջեից հատկացվել է 50 մլն դրամ: