ՀՅԴ խորհրդարանական խմբակցության առաջարկությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին մերժվեց բյուջեում անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը, ուղղումներով նախատեսվում է հավելավճարներ սահմանել գիտաշխատողների կենսաթոշակների համար:
Տվյալ ուղղմները կյանքի կոչելու համար հարկավոր է շուրջ 700 մլն դրամ: Ինչպես գտնում է Ռուզան Առաքելյանը, գումարն այնքան էլ խոշոր չէ պետության համար: «Գոյություն ունեն միջնաժամկետ ծրագրեր, որոնց միջոցով կարելի է հատկացնել այդ գումարը: Մենք ասում ենք, որ մեզ համար առաջնային են գիտության ու տեխնոլոգիաների ոլորտները: Լրացուցիչ խրախուսումը կարող է խթանել տարեց գիտնականներին շարունակել ղբաղվել գիտությամբ»,-ասել է Ռուզան Առաքելյանը:
Մինչդեռ, ինչպես նշել է ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը, մերժումը պայմանավորված էր նրանով, որ դա անարդարացի կլիներ մյուս կենսաթոշակառուների համար: Ըստ նրա, կենսաթոշակառու գիտնականների թիվը Հայաստանում մոտ 3 հազար է, այն դեպքում, երբ կենսաթոշակառուների ընդհանուր քանակաը 540 հազար է: Ըստ պատգամավորի, այս առաջարկը պետք է քննարկել ընդհանուր կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում: