ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` երկարաձգելով «ԲԻԳԱ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը։ Ընկերությունը, որն իրականացնում է շամպինիոն տեսակի սնկի արտադրության ծրագիր, արդեն ավարտել է շինարարական և ներմուծված սարքավորումների տեղադրման աշխատանքները և պատրաստվում է նախնական փորձարկմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեն պահպանվել աշխատանքի իրականացման համար նախատեսված ժամկետները, գործադիրն ընդունել է վերը նշված որոշումը։
Տվյալ արտոնության տրամադրման շնորհիվ զգալիորեն մեծանում է մասնավոր ներդրումների հնարավորությունը, ուստի կառավարությունը հանդես է եկել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու օրենսդրական նոր նախաձեռնությամբ` արձանագրելով, որ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգելու արտոնությունից արդեն օգտվել է 11 ընկերություն։ Նոր փոփոխությունը նույնպես միտված է մասնավոր ներդրումների խրախուսմանը։






