AM
13 Դեկտեմբեր 2010 - 09:33 AMT

«Յունիբանկ»-ը ներմուծել է «Հարմարավետ» նոր ժամկետային ավանդը` մինչև 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով

«Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել ֆիզիկական անձանց համար նախատեսված «Հարմարավետ» նոր ժամկետային ավանդը: Այս ավանդի առանձնահատկությունը, որը շահեկանորեն տարբերում է այն շուկայի այլ ավանդային առաջարկներից, բարձր` մինչև 12 տոկոս տարեկան տոկոսադրույքը և ավանդի գումարի մինչև 50 տոկոս ետկանչման հնարավորության ընձեռումն է: Նույնիսկ ավանդի մասնակի ետկանչման դեպքում ետկանչված գումարի նկատմամբ հաշվարկվում է մինչև ետկանչման օրը ընկած ժամանակահատվածի համար սահմանված տոկոսադրույքը:

«Հարմարավետ» ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև 365 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորություն` ներդրված ավանդի 90 տոկոսի չափով: Ավանդի գործողության վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը:

2010-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ժամկետային դեպոզիտների խավալով բանկը գերազանցել է 76 մլրդ դրամը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: