Առաջին անգամ Հայաստանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն անցկացնելու է մրցանակաբաշխություն ներդրումային ծառայություններ մատուցող և Բորսայի անդամ հանդիսացող ընկերությունների միջև:
Ինչպես հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամլո ծառայությունը, «Բորսայի լավագույն անդամ» մրցանակը նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: 2010թ.-ի արդյունքներով մրցանակը հանձվելու է հետևյալ անվանակարգերում` Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում; Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում; Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում; Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների գործունեության գնահատումը ըստ վերոհիշյալ անվանակարգերի չափանիշների ավարտվելու է 2011թ. հունվար ամսին, իսկ «Բորսայի Լավագույն Անդամ» մրցանակակիրները հայտնի կդառնան հանդիսավոր արարողության ժամանակ` 2011թ. մարտի սկզբին:






