AM
8 June 2001 - 16:32 AMT

ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՒԱՆ

. Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պատվիրակությունը, որը գլխավորում է Պետական Դումայի նախագահ Գենադի Սելեզնեւը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պաշտոնական այցով երեկ ուշ երեկոյան ժամանել է Հայաստան : Երեւանում, որտեղ Սելեզնեւն իր խոսքերով չի եղելլ արդեն չորս տարի, կքննարկվի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախատեսված են Պետդումայի խոսնակի հանդիպումներ նախագահի, վարչապետի, խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչների, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ: Պետդումայի պատվիրակության կազմում են ստորին պալատի բոլոր խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչներ: Որեւէ համաձայնագրերի ստորագրում այցի ընթացքում չի նախատեսվում:
Երեւան ժամանելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Սելեզնեւը չի բացառել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում Ռուսաստան-Բելառուս Միության մեջ ընդգրկելու հնարավորությունը: Պետդումայի խոսնակն ասաց. «Մենք, իհարկե, կքննարկենք այս հարցը մեր հայ բարեկամների հետ»:
Առավոտյան Գենադի Սելեզնեւը դասախոսություններով հանդես է եկել Հայաստանի Սլավոնական Համալսարանում: Օրվա երկրորդ կեսին նա այցելեց Էջմիածին, ուր նրան ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը: Պետդումայի նախագահը հանդիպում ունեցավ նաեւ վարչապետ Անդրանիկ Մարքարյանի հետ: