«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը դրական է գնահատում ԱՊՊԱ պայմանագրերեի ստացման հեշտացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը բնակչության անապահով խավերի համար, մասնավորապես գյուղացիների, որոնք իրենց տրանսպորտային միջոցներից օգտվում են ամսական 2-3 անգամ: «Սակայն այդ քայլերը չեն լուծում ԱՊՊԱ հետ կապված խնդիրները»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:
Դրա հետ կապված` Մարտիրոսյանը նշել է, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված ավտոերթի ընթացքում կուսակցությունը ներկայացնելու է այդ հարցերի լուծման իր տարբերակները:
Իր հերթին, ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը նշել է, որ օրենքը շոշափում է գրեթե բոլոր քաղաքացիների շահերը, առավել ևս, որ երկրում գրանցված են 400 հազար ավտոտրանսպորտային միջոցներ, և յուրաքանչյուրը կարող է դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ: Ավելին, պատգամավորի խոսքերով, պարտադիր ավտոապահովագրումը նախատեսված է բարեխիղճ քաղաքացիների համար: «ԱՊՊԱ ներմուծումն անհրաժեշտ մեխանիզմներ է ստեղծում: Ապահովագրման անհրաժեշտությունը միայն մեր իրողությունը չէ, այդ մասին վկայում է նաև միջազգային փորձը»,- ասել է նա:






