AM
17 Դեկտեմբեր 2010 - 11:39 AMT

Գիեդրիուս Ապուոկաս. ԵԱՀԿ նախագահության ընթացքում Լիտվայի գերակայություններից մեկը կլինի առաջընթացը սառեցված հակամարտություններում

Շատերը մեծ հույսեր էին կապում դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ, որոնց մեծ մասը չիրականացավ, սակայն, դա չի նշանակում, որ գագաթնաժողովը ժամանակի զուր վատնում էր: Այդ մասին Երևանում «ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության արդյունքները» սեմինարի ժամանակ հայտարարել է Երևանում ԵԱՀԿ առաքելության խորհրդական Վլադիմիր Չունտուլովը: Ըստ նրա, համաժողովը հերթական անգամ ցույց տվեց, որ հայտնի քաղաքական դեմքերի մասնակցությունը այդ միջոցառմանը կարևոր գործոն է, որը կարող է կանխորոշել, թե որ ուղղությամբ է զարգանալու նրա գործունեությունը: Նա նշել է, որ բազում երկրների ներկայացուցիչների պատրաստակամությունը մասնակցել այս միջոցառմանը վկայում է այն մասին, որ կան չլուծված խնդիրներ, որոնք համընդհանուր ուշադրություն են պահանջում: Նա նաև ընդգծել է, որ Ղազախստանի նախագահությամբ ԵԱՀԿ-ի պատմության մեջ նոր էջ բացվեց:

Իր հերթին Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովն ասաց, որ Ղազախստանն իր նախագահության ժամանակ հաշվի էր առնում կազմակերպության բոլոր անդամների շահերը և փորձում էր պահպանել բալանսը: Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին՝ նա նշել է, որ առկա բանակցային ձևաչափերում կատարված աշխատանքն, անկախ բոլոր բարդություններից ու տևականությունից, որոշակի հիմքեր են տալիս «զգուշավոր» լավատեսության համար: Բոզժիգիտովը հույս է հայտնել, որ գագաթնաժողովը և հռչակագիրը այդ միջոցառման շրջանակներում կարող են հիմք ծառայել անվտանգության համընդհանուր տարածության ձևավորման համար:

Իր կողմից Հայաստանում Լիտվայի դեսպան Գիեդրիուս Ապուոկասն ասել է, որ ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Լիտվան մտադիր է հավատարիմ մնալ կազմակերպության սկզբունքներին ու արժեքներին: Նա նաև նշել է, որ Լիտվայի գերակա նպատակներից մեկը առաջընթացին հասնելն է լինելու սառեցված հակամարտությունների հարցում: